«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Մանրակերտը, որ գտնվում է «Mini mundus»-ում, ճշգրտորեն կրկնում է Էջմիածնի Մայր տաճարը»

«Մանրակերտը, որ գտնվում է «Mini mundus»-ում, ճշգրտորեն կրկնում է Էջմիածնի Մայր տաճարը»
13.06.2014 | 12:06

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ, Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ ՌԱԶՄԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ:

«ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԵՆԱՀՆԱԲՆԱԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՇՈՒՐՋ ՄԵԿ ԴԱՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ»


-Պարոն Թամրազյան, Դուք աշխատում եք ավստրիահայ ոչ մեծ համայնքի հետ, արդեն երեսուն տարի նախագահում եք Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը, որի կազմում նաև ոչ հայեր են ընդգրկված: Ինչպե՞ս կբնութագրեք հայկական համայնքը Ավստրիայում:
-Համայնքը նախկինում` 1960-ական թվականներին, շատ փոքր էր` բաղկացած 350 հոգուց: Հետո Լիբանանի, Պարսկաստանի, Հայաստանի, Սիրիայի դեպքերի բերումով այդ թիվն ավելացավ: Ներկայում մոտավորապես 6000 հայ է ապրում Ավստրիայում: Դրանց թվում են նաև Հայաստանից եկած և Ավստրիայում ոչ պաշտոնական գրանցում ստացածները: Մոտ 1000 պարսկահայեր էլ կան, որ Ավստրիայում են` ԱՄՆ-ի վիզա ստանալու և այնտեղ մեկնելու նպատակով: Համայնքի ամենահնաբնակ անդամները շուրջ մեկ դար ապրում են Ավստրիայում: Նախկինում նրանք հիմնականում զբաղվել են առևտրով: Ավստրիայի ամենամեծ գորգավաճառները հայերն են եղել: Վեց հայ ընտանիք է զբաղվել գորգավաճառությամբ: Հիմա նրանք չկան: Նրանց զավակներն իրենց ընտանեկան գործը չշարունակեցին: Հետո տարբեր երկրներից բավական մեծ թվով հայ ուսանողներ եկան Ավստրիայի նշանավոր համալսարաններում ուսանելու, որոնց մի մասն ամուսնացավ ու մնաց Ավստրիայում, մյուս մասն էլ մնաց` իրենց երկրներում հեղափոխական իրավիճակների առաջացման պատճառով: Աճեց հայ համայնքը, և հիմա բոլոր բնագավառներում էլ աշխատում են հայերը: Մոտ 40 հայ բժիշկ կա, կան ՄԱԿ-ի` Վիեննայի գրասենյակում, «ՈՒՆԻԴՈ» համաշխարհային տնտեսական կազմակերպությունում, միջուկային էներգիայի ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնող հայեր: Ավելացնենք նաև այն հայերին, որոնք աշխատում են Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: Մեր դեսպանն իրականում երեք դեսպանի գործառույթ է իրականացնում` ԵԱՀԿ-ի, միջուկային հարցերի և, վերջապես, բուն դիվանագիտական հարաբերությունների գծով:


«ՄՇԱԿՈՒՅԹԸ «ԾԱԽԵԼՈՒ» ԽՆԴԻՐԸ»


-Գտնվելով Հայաստանում` յուրաքանչյուր օր մասնակցում եք որևէ մշակութային իրադարձության, հետևաբար, լավ տեղյակ եք հայաստանյան մշակութային կյանքին: Լինելով համաշխարհային մշակութային կենտրոն Վիեննայի մշտական բնակիչ` ի՞նչ համեմատություն կարող եք անցկացնել մեր և Ավստրիայի մշակույթների միջև:
-Ավստրիան միջազգային մշակութային կենտրոն է` առաջին հերթին, իհարկե, լինելով ավստրիական: Ասեմ, որ Հայաստանի մշակութային կյանքը նույնպես շատ բարձր մշակութային արժեքներ է կրում: Այստեղ գտնվելուս օրերին օպերային երկու ներկայացում եմ դիտել` «Անուշը», «Տրավիատան», և «Բարեկամություն» պարային խմբի համերգին եմ ներկա եղել: Շատ բարձր մակարդակի ելույթներ էին: Մեր մշակույթը ես շատ բարձր եմ գնահատում, համարում եմ շատ որակյալ: Միայն այստեղ մի խնդիր կա, կոպիտ ասած` մշակույթը «ծախելու» խնդիրը: Մենք պիտի կարողանանք այդ հարցը լուծել Հայաստանում:
-Այսինքն` ցույց տանք մշակույթի կոմերցիոն արժե՞քը:
-Այո՛: Պատկերացրեք` ամեն գիշեր քաղաքում որևէ մշակութային իրադարձություն է: Ես ամեն օր` ժամը 19-21-ին ներկա եմ լինում դրանցից որևէ մեկին: Քաղաքը լի է զբոսաշրջիկներով, բայց նրանք տեղեկություն չունեն այդ իրադարձությունների մասին: Ինչո՞ւ զբոսաշրջության կազմակերպիչների մտքով չի անցնում այդ մարդկանց առաջնորդել որևէ մշակութային օջախ, մասնակից դարձնել հայաստանյան մշակութային կյանքին: Տեղյակ չե՞ն, թե՞ ծուլանում են: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե զբոսաշրջիկներին ներգրավեն հայաստանյան մշակութային կյանքում, նրանք ավելի գոհ կլինեն իրենց այցելությունից և կրկին կցանկանան գալ Հայաստան:
-Փաստորեն, մեր մշակութային կյանքում պակասում է գովա՞զդը:
-Պակասում է շատ: Հայաստանը հիմա ձգտում է զբոսաշրջային երկիր դառնալու: Ավստրիան վաղուց դարձել է: Ավստրիան անցյալ տարի 50 մլն զբոսաշրջիկ ուներ, երբ իր բնակչությունը 8 մլն է: Ավստրիայում ամեն բան անում են, ամեն դուռ բացում են զբոսաշրջիկի առաջ, որպեսզի նա կարողանա օգտվել մշակութային ձեռնարկներից: Իսկ Հայաստանում չկա նման բան: Միայն օպերայի ճաղերին մեծ պաստառներ փակցնելը շատ քիչ է: Երբ մտնում ես Ավստրիայի ցանկացած հյուրանոց, տեսնում ես մշակութային ծրագրի մասին տեղեկությունը, հենց հյուրանոցում կազմակերպվում է տոմսերի վաճառքը և հյուրերի տեղափոխությունը համապատասխան մշակութային օջախներ: Այսպես է պետք աշխատել, որպեսզի Հայաստանը դառնա զբոսաշրջային երկիր:
-Մենք ունենք հրաշալի գրականություն, որը օտարազգի ընթերցողին հասցնելու ճանապարհը ավելի դյուրին է, քան մեծ ստեղծագործական խմբեր հյուրախաղերի հրավիրելը: Հարկավոր է հոգալ լավ թարգմանության խնդիրը և հրատարակել գիրքը: Ինձ ծանոթ է Կոնրադ Կունի` Եղիշե Չարենցի ընտրանու հրաշալի թարգմանությունը: Կա՞ն գերմաներեն թարգմանված հայ այլ հեղինակներ:
-Սովորական ավստրիացին գրեթե ծանոթ չէ հայ գրականությանը: Եվ այստեղ նույն խնդիրն է: Մենք մեծածավալ թարգմանություններ չունենք հայ գրականությունից: Կոնրադի գիրքն իսկապես մեծարժեք է, բայց ինչպես ժողովուրդն է ասում` մեկ ծաղկով գարուն չի գա: Մենք ունենք շատ գրողներ, որ իսկապես արժանի են թարգմանվելու և ներկայացվելու գերմանացի, ֆրանսիացի, իտալացի ընթերցողին: Մենք դա չենք անում կամ շատ ուշ ենք անում: Եթե գիրքը թարգմանվում է տպագրությունից քսան տարի հետո, դա արդեն ուշացած գիրք է:

«ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՈՉ ԹԵ ՍՈՍԿ ՀԱՐԳԱՆՔ ՈՒՆԵՄ, ԱՅԼ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ»


-Դուք մշտապես շփվում եք հայ անվանի մարդկանց հետ, ունեք հետաքրքիր հիշողություններ: Բայց պիտի խնդրեմ, որ հատկապես դրանցից մեկը ներկայացնեք մեր ընթերցողին: Խոսքը Վիլյամ Սարոյանի հետ ունեցած հանդիպման մասին է:
-Ես մեր մեծերի հանդեպ ոչ թե սոսկ հարգանք ունեմ, այլ թուլություն: Շատ եմ սիրում նրանց հետ հանդիպումները: Երբ 1977 թվականին իմացանք, որ Վիլյամ Սարոյանը պետք է գա Վիեննա` իր գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսի առիթով, նրան դիմավորեցինք օդանավակայանում և առաջարկեցինք Վիեննայի հայկական եկեղեցում գործող Հայոց ակումբում հանդիպում կազմակերպել: Ասաց, որ չի ուզում ակումբ գալ, որովհետև այդ դեպքում հայկական կուսակցությունները պիտի սկսեն մտածել, թե ինքը մեկին գերադասում է մյուսից, պիտի անհամաձայնություններ ծագեն դրանից: ՈՒստի առաջարկեց հանդիպումը կազմակերպել ուսանողական խմբի հետ: ՈՒնեինք ուսանողական փոքրիկ խրճիթ, որտեղ էլ կայացավ Սարոյանի հանդիպումը 10-12 հայ ուսանողի հետ: Նա սկսեց խոսել: Մի տղա, որ նոր էր սովորում հայերեն խոսել, շատ բարձր էր խոսում:
-Երևի լեզվական իմացությունների հարցում ինքնահաստատվելու խնդի՞ր ուներ:
-Այո, երևի դա էր պատճառը: Եվ Սարոյանը նրա բարձր ձայնից հանկարծակիի եկավ ու ասաց. «Ա՛յ տղա, ինչո՞ւ կգոռգոռաս»: Հետո շարունակեց. «Աշխարհում երկու խումբ կգոռգոռան. մեկ` խուլերը, մեկ էլ` խենթերը»: Մեզ համար շատ հաճելի էր այս անմիջականությունը: Հետո թուղթ ու մատիտ ուզեց և սկսեց մեկ-մեկ այդ ուսանողներին հարցնել նրանց անուն-ազգանունը, հետաքրքրվեց, թե որտեղից են եկել, Վիեննայում ինչքան պիտի մնան, ապագայի ինչ ծրագրեր ունեն, իր որ գիրքն են կարդացել, ինչքան են ծանոթ մշակութային կյանքին: Այս ամենը նա գրում էր թղթի վրա: Բավական երկար ձգվեց հանդիպումը: Հետո թուղթը ճմռթեց ու դեն գցեց: Այդ պահին ես և հայտնի հայ դաշնակահարուհի Սեդա Դանիելը, որ հիմա Լոնդոնում է ապրում, ուղղակի հարձակվեցինք այդ թղթի վրա, որովհետև երկուսս էլ նման նշխարների սիրահար ենք: Վերցրինք թուղթը և տեսանք, որ վրան ոչինչ գրված չէ:
-Այսինքն` Սարոյանը ոչինչ չէ՞ր գրառել, դա ընդամենը թատրո՞ն էր:
-Լրի՛վ թատրոն: Բոլորը լարված-կենտրոնացած այդ ընթացքում մտածել էին, թե ինչպես պատասխանեն Սարոյանի հարցերին, հանկարծ մի սխալ խոսք չասեն: Մեր այդ լրջությունն ու նրա ոչինչ չգրելը շատ տարօրինակ էին: Այսպիսին էր մեր հանդիպումը Սարոյանի հետ:

«ԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ՀՈԲԲԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է»


-Հայերը սովորաբար իրենց հետքն են թողնում այն գաղթօջախներում, որտեղ ապրում են տևական ժամանակ: Ավստրիան նույնպես բացառություն չէ: Պատմեք, խնդրեմ, այդ մասին, մասնավորապես Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտի մասին, որ գտնվում է Ավստրիայի Քլագենֆուրթ քաղաքում:
-Ես մասնագիտությամբ ճարտարագետ եմ, բայց իմ հոբբին ճարտարապետությունն է: Եվ խորացել եմ հայկական ճարտարապետության մեջ: Իտալիայի և Ավստրիայի սահմանին գտնվում է Քլագենֆուրթ քաղաքը, որտեղ կա մշտապես գործող ցուցահանդես: Կոչվում է «Mini mundus» («Փոքր աշխարհ»): Այդտեղ ցուցադրվում են աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող ճարտարապետական գլուխգործոցները` փոքր մասշտաբներով` 1։25 հարաբերությամբ: Մանրակերտները պետք է ճշգրտորեն կրկնեն բնօրինակը: Պետք է պատրաստված լինեն միևնույն շինանյութից, դրանց բնօրինակների առկայությունը պարտադիր պայման է: Վերջին պայմանն էլ նկատի ունենալով` արեցինք Մայր տաճարի մանրակերտը: Սկզբում մտադիր էինք Զվարթնոցինն անել, բայց քանի որ բնօրինակը պահպանված չէր, հնարավոր չեղավ: Եվ այդ մանրակերտը, որ հիմա գտնվում է «Mini mundus»-ում, իր յուրաքանչյուր քարով, յուրաքանչյուր դետալով, քարի գույնով, շինանյութի որակով ճշգրտորեն կրկնում է Էջմիածնի Մայր տաճարը: ՈՒ կարևոր պայմաններից մեկն էլ այն է, որ շինանյութը պետք է բերվի այն երկրից, որտեղ գտնվում է մանրակերտի բնօրինակը: Մենք 1992 թվականին 4 տոննա տուֆ ենք տարել Արթիկից` այդ մանրակերտը պատրաստելու համար: Մեզ անհրաժեշտ հումքը պտտվել է աշխարհով մեկ: Հայաստանից տարվել է Հունգարիա, ապա` Վիեննա: Եվ բավական գեղեցիկ մանրակերտ է ստացվել: Կա նաև մեկ ուրիշ կարևոր հայկական հուշարձան, որի հեղինակն եմ ես: Դա Վիեննայում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանն է: Եվ էլի մի բանի մասին պատմեմ: Հայերի բարեկամ Յոհաննես Լեփսիուսը մահացել է Մերան քաղաքում, որը հիմա Իտալիայի տարածքում է գտնվում: 1992 թվականին նրա աղջիկները ցանկացան, որ իրենց հոր գերեզմանը բարեկարգվի: Հալե քաղաքում գործող Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրենը` պրոֆեսոր Գոլցը, որ հայասեր մարդ էր, ինձ տեղեկացրեց այդ մասին: Ես Վազգեն Վեհափառից մի գեղեցիկ խաչքար ստացա` Լեփսիուսի գերեզմանին դնելու համար: Հասցրի այդ խաչքարն Իտալիա` Մերան, և պիտի ասեմ, որ իտալացի ճարտարապետը մի կատարյալ գլուխգործոց ստեղծեց դրանից: Լեփսիուսի դուստրերի պահանջն էր, որ ձեռք չտրվի տապանաքարին: Իտալացի ճարտարապետը ուղղահայաց դիրքով մի մեծ, սպիտակ, անմշակ մարմար կանգնեցրեց տապանաքարի վրա, որի մեջտեղում տեղադրեց 30X40 սմ չափսի հայկական վարդագույն խաչքարը: Մարմարի գույնը սպիտակ է, բայց մեջը պղնձագույն, ճառագայթաձև գծեր կան: Երբ արևն ընկնում է այդ հուշարձանի վրա, թվում է, թե վարդագույն խաչքարից են ճառագայթներն արձակվում: Դա մի աննկարագրելի գեղեցկություն է: ՈՒ մի հայկական ձեռնարկի մասին կցանկանայի խոսել: Վիեննայում է ապրում Կարպիս Փափազյանը, որ եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահներից մեկը: Նա 1988 թվականին Հայ բարեգործական ընդհանուր միությանը մեծ գումար տրամադրեց և հիմնեց «Կարպիս Փափազյան» հիմնադրամը: Ամեն տարի իր երկրում, իր ազգի շրջանակներում հայանպաստ կարևոր գործունեություն ծավալած որևէ օտարազգի անձնավորություն ստանում է այդ հիմնադրամի սահմանած դրամական պարգևը: Պարգևատրվածները ներկայում 28 հոգի են, որոնց թվում են Թեսա Հոֆմանը, Իվ Թեռնոնը, Խալիլին, Քերոլայն Քոքսը, Ցվետանա Պասկալևան: Միակ մարդը, որ Հայաստանում է ստացել մրցանակը, Ցվետանա Պասկալևան է, որովհետև նա ապրում է այստեղ` Հայաստանում: Այս ձեռնարկը շարունակվում է: Այս տարվա սեպտեմբերին հայտնի կդառնա հերթական մրցանակակրի անունը: Իհարկե, մեկ հրապարակման մեջ հնարավոր չէ ամեն բանի մասին պատմել, բայց այն, ինչ ասացի Ձեզ, հուսամ` որոշակի տեղեկություն տալիս է Ավստրիայի հայ համայնքի կյանքի, գործունեության վերաբերյալ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ